Մեքենաներից սուրճ, հյութ, սնունդ վաճառող 130 գրանցված աշխատող ունեցող շուրջ 47 շրջիկ կետեր այս պահին հոսանքազրկված են․ ոլորտի ներկայացուցիչներն այսօր կառավարության շենքի առջև էին։
Պահանջը մեկն է՝ մինչ Երևանի քաղաքապետարանը ոլորտում օրենսդրական կարգավորումներ կմտցնի՝ թույլ տալ իրենց աշխատել։
Շրջիկ առևտրով զբաղվողները պատրաստ են, անգամ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնել։ Օրինակ, նրանցից մեկը, ով դիմել է քաղաքապետարան՝ մրգի վաճառքով զբաղվելու թույլտվություն ստանալու համար, պատրաստ է խնձոր կամ այլ միրգ նվիրել այն քաղաքացուն, ով պլաստիկ շիշը աղբամանը կնետի։
Նշենք՝ այս տարվա ապրիլին Երևանի քաղաքապետարանը շրջիկ առևտրի կետերը օրենսդրական դաշտ բերելու վերաբերյալ հայտարարություն տարածեց։ Նշվում էր, որ քաղաքապետարանը շրջայցի ընթացքում շրջիկ առևտրի ոլորտում արձանագրել է մի շարք խնդիրներ՝ այդ թվում էլեկտրանական հոսանքի առումով։ Քաղաքային իշխանությունների պնդմամբ հենասյուներից և հարակից տնտեսվարողներից քաշած հոսանքը չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին:
«Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշել էր փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան