ՀՀ ոստիկանությունը հայտնում է կիբերհանցագործության դեպք բացահայտելու մասին։
Ըստ տարածած տեղեկատվության՝ ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության ազգությամբ հնդիկ հիմնադիրը Երևանում վարձակալել է տարածք՝ կազմակերպել հանցավոր գործունեություն:
Մասնավորապես, ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածել են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ, որոնցում նշվել է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանել են ընկերության աշխատակիցները և, իբր, խնդիրը լուծելու համար զանգահարած յուրաքանչյուր անձից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել 100-ից 2000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, հեռախոսային խոսակցության ընթացքում ընկերության աշխատակիցները զուգահեռ պարզել են այդ անձանց սոցիալական ապահովագրության համարը և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։
«Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին, և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը»,-հայտնում են ոստիկանությունից:
Ըստ հաղորդագրության՝ խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ: նախնական տեղեկություններով՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է շուրջ 15000 ԱՄՆ դոլար:
Քննությունը շարունակվում է։