«Էլեկտրիկ Երևան»-ի կասեցված քրգործը կվերաբացվի - RadioVan.fm

Онлайн

«Էլեկտրիկ Երևան»-ի կասեցված քրգործը կվերաբացվի

2019-04-30 19:06 , Право, 2527

«Էլեկտրիկ Երևան»-ի կասեցված քրգործը կվերաբացվի

«Էլեկտրիկ Երևանի» գործով դատախազությունը հանձնարարել է վերսկսել նախաքննությունը: Այդ մասին հայտնում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Շատ կարևոր լուր. Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մելիքյանը։

Հիշեցնենք՝ 2015-ի հունիսի 19-ից Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ հավաք սկսվեց՝ ստանալով «Էլեկտրիկ Երևան» անվանումը։ Ցուցարարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում էին չեղյալ հայտարարել հոսանքի թանկացման վերաբերյալ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ.-ի հունիսի 17-ին որոշումը։ Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով ցրեցին խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։

Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կասեցրեց՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: ՀՔԾ-ն որշման մեջ միաժամանակ նշվում էր, որ կասեցումը «չի խոչընդոտում քննիչի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնաբերելու նպատակով միջոցներ ձեռնարկելը, անհրաժեշտության դեպքում նաև քննչական համապատասխան գործողություններ կատարելը»։

Լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով որպես տուժող ս․թ․ մարտի 7-ին հրապարակել էր «Էլեկտրիկ Երևան»-ի քրգործով ՀՔԾ որոշումը՝ պնդում է՝ ինքն անձամբ տեսանկարահանել է մոտ 40 անձանց, ովքեր նույն օրը բռնություն են իրականացրել և՛ իր նկատմամբ, և՛ այլ քաղաքացիների։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть