«Հայաստանի Հանրապետությունում շատ ոլորտներ՝ սկսած պետական կառավարման ոլորտից և ավարտած բիզնեսի կազմակերպմամբ սպասարկման մակարդակի բարձրացումից, իսկապես կանանց խնամքի անհրաժեշտություն ունի: Ընդհանրապես կարծում եմ, որ մեր երկիրը կանանց խնամքի անհրաժեշտություն ունի, երբ մենք մեր հայրենիքի տարբեր անկյուններում տեսնում ենք չկազմակերպվածության, թափթփվածության, երբեմն փնթիության ընդլայնված երևույթներ, սա ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը կանանց խնամքի կարիք ունի»,-այդ մասին Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) Երևանում կայացած միջազգային համաժողովի բացմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում, առանց բացառության բոլոր ոլորտներում, պետք է խթանել կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը:
«Մեր կառավարության համար սա առաջնահերթություններից մեկն է, և այս մասին բարձրաձայնել եմ որպես վարչապետի թեկնածու դեռևս 2018 թվականի մայիս ամսին, երբ ելույթ էի ունենում Ազգային ժողովում»,-նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը կլինի նույնքան վճռական ու կարևոր։
«Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից: Ունեցե՛ք այդ համարձակությունը, արե՛ք այդ քայլը, և դուք անպայման կհաղթեք: Ձեր հաղթանակի արդյունքում կհաղթի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը»,- հայ կանանց հորդորել է վարչապետ Փաշինյանը՝ համոզմուքն հայտնելով, որ կանանց ակտիվությունը տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում և չպետք է հակասի ավանդական ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումներին:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան 5 մայրցամաքների մոտ 120 երկրի 5 միլիոնից ավելի գործարար կանանց միավորող կառույց է, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին Ֆրանսիայում: Կառույցը ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Մարի Քրիստին Օղլին է: 2014 թվականից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է և ներկայացնում է Հայաստանը:
Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից Երևանում անցկացվող միջազգային համաժողովի օրակարգային թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ ուղղությունները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում են բարձր մակարդակի պատվիրակություններ 21 երկրից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: