«Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է». Փաշինյանը 50 հազար աշխատատեղերի մասին տեղեկանք է ներկայացնում - RadioVan.fm

Онлайн

«Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է». Փաշինյանը 50 հազար աշխատատեղերի մասին տեղեկանք է ներկայացնում

2019-04-26 12:50 , Политика, 1148

«Այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է». Փաշինյանը 50 հազար աշխատատեղերի մասին տեղեկանք է ներկայացնում

2019 թվականի հունվարին 2018 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ իր ավելի վաղ արած հայտարարությունը վերահաստատեցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ երբ այդ թիվը հրապարակել է ԵԽԽՎ ամբիոնից՝ այն կասկածի տակ առնող հրապարակային բազմաթիվ հայտարարություններ են հնչել։

Ասվածը փաստարկելու նպատակով, ահա, վարչապետը հանձնարարել է տեղեկանք պատրաստել, թե որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել։

«Աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Այժմ ընդհանուր ներկայացնեմ, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել: Մասնավորապես, մանրածախ, մեծածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների նորոգման ոլորտում 16 հազար 427 աշխատատեղի աճ ունենք: Մշակվող արդյունաբերության ոլորտում արձանագրել ենք 9 հազար 551 աշխատատեղի աճ: Կացության և հանրային սննդի սպասարկման ոլորտում՝8 հազար 334, սպասարկման այլ ծառայություններում՝ 2 հազար 574, տեղեկատվություն և կապի ոլորտում՝2 հազար 260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1 834 աշխատատեղի աճ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ այլ ոլորտներ ևս հիշատակելով:

Վարչապետի խոսքով՝ այս թվերը չեն կարող իրական չլինել, քանի որ ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա, այսինքն, ոչ թե իրենք են հայտնաբերել այդ աշխատատեղերը, այլ մարդիկ հարկային հաշվետվություններում ներկայացրել են այդ աշխատատեղերը։

«Սա կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, ինչը շատ լավ է: Սա ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ մեր գործարարների, ընկերությունների, քաղաքացիների գիտակցության բարձրացման հետևանք կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»,-հավելեց վարչապետը։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին հանդես գալով ելույթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամենօրյա ռեժիմով կրճատում են ստվերային տնտեսությունը և վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է:

Այս հայտարարությունից հետո «Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակով Նիկոլ Փաշինյանից խնդրեց և պահանջեց ներկայացնել 50 հազար աշխատատեղերի ստեղծումը փաստող տեղեկանք։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть