ՀՀ նախագահի նստավայրը ցուցահանդեսներ է հյուրընկալելու. Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարանը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ նախագահի նստավայրը ցուցահանդեսներ է հյուրընկալելու. Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարանը  

2019-04-25 22:43 , Культура, Шоу бизнес, 1534

ՀՀ նախագահի նստավայրը ցուցահանդեսներ է հյուրընկալելու. Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարանը

ՀՀ նախագահի նստավայրը ցուցահանդեսներ է հյուրընկալելու. Արմեն Սարգսյանն այցելեց Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարանը:

Տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Երևանի կենտրոնում գտնվող երկհարկանի առանձնատանը տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Արա Սարգսյանի արվեստի բաժնում ներկայացված են ստեղծագործություններ պատկերասրահի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այնտեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Շենքի երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը պատկերասրահի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու է Արմեն Սարգսյանն ընտրել հենց այս թանգարանը:

«Հարցը մի փոքր այլ ձևով կարելի է ձևակերպել: Իսկ ինչո՞ւ մենք չենք գալիս այս թանգարաններ: Մենք ունենք հանճարեղ արվեստագետներ, նրանցից երկուսը մեկ տան մեջ այստեղ ներկայացված են: Արա Սարգսյանը լեգենդար արվեստագետ էր, մեր Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր-ռեկտորը, Խորհրդային միության արվեստի ակադեմիայի անդամ է եղել, մեծ ուսուցիչ: Ցավով տեսնում եմ, որ այս թանգարանը լավ վիճակում չի գտնվում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ավելի ուշադիր լինենք և ներկայացնենք մեր մեծերին: Կոջոյանը Ախլցխայից դուրս գալով հասել էր եվրոպական լավագույն ակադեմիաներ, և նրա ստեղծագործությունները կարող են ցուցադրվել Եվրոպայի լավագույն ցուցասրահներում», - ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի նստավայրում ցանկանում է ցուցահանդես կազմակերպել, որի շրջանակում կներկայացվեն 4 արվեստագետներ, որոնք ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել:

«Արա Սարգսյան, Հակոբ Կոջոյան, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ Արա Հարությունյան: Ահա այս 4 արվեստագետները կներկայացվեն ցուցահանդեսում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը, ով Արա Սարգսյանի թոռնուհին է, նշեց, որ թանգարանը բացվել է 1973 թվականին: Այնտեղ պահվում է շուրջ 500 ցուցանմուշ:

«Կցանկանայի խնդիրների մասին խոսել: Ինչպես տեսնում եք տարածքն անմխիթար վիճակում է, վերանորոգման կարիք կա: Պայմանները չեն ներում ցուցանմուշները պատշաճ պահելու համար: Թանգարանն այդքան շատ այցելուներ չունի: Տարեկան ունենում ենք 2000 այցելու, ինչը շատ քիչ է»,- ասաց Աննա Սարգսյանը: Նա նկատեց, որ Արա Սարգսյանի, Կոջոյանի ստեղծագործությունները հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ինչն էլ կնպաստի այցելուների թվի ավելացմանը:

Лента

Рекомендуем посмотреть