Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Այդ մասին հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից՝ նշելով, որ ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը կկայանա վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում։
Ֆեդերացիայից նաև մանրամասնում են, որ Երևանի մետրոպոլիտենի Ժամանցային ծրագրի հանդիսավարը լինելու է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա են լինելու Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:
Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ: