«Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են». Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը - RadioVan.fm

Онлайн

«Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են». Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

2019-04-24 16:56 , Общество, 1254

«Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են». Deutsche Welle-ն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի պատմությունը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:

Աստրիդը ծնվել է Ֆրանսիայում՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածների երրորդ սերունդ: Նա պատմում է, որ իր նախնիներից ժառանգել է ցեղասպանության տրավման:

«Դեռահաս տարիքում սկսեցի հարցեր տալ իմ ծագման մասին: Հայրական պապս մշտապես պատմում էր այն գյուղի մասին, որտեղ մեծացել էր: Այն իրական դրախտավայր էր, քանի դեռ չէր ջնջվել քարտեզից: Ինչպես հայերը, ովքեր անարդարության զգացումով լքեցին իրենց բնակավայրերը: Այս ամենը փոխանցվել է ինձ: Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են»,- պատմել է նա:

Աստրիդի նախնիները 1920-ականներին եկել են Մարսել: Թեպետ պապի ընտանիքի 15 անդամներից կարողացել էին ողջ մնալ միայն երկուսը, այդուհանդերձ, նշում է DW-ն, նրանց կարելի է դասել փոքրաթիվ երջանիկների շարքում, քանի որ միլիոնավոր հայեր օսմանյան թուրքերի կողմից կոտորվեցին:

Աստրիդը, ով պատմության ուսուցիչ է, կամավոր սկզբունքներով աշխատում է նաև մի հասարակական կազմակերպությունում, որը հավաքում է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր: Նրա խոսքով՝ դա պայքար է արդարության համար: «Հավաքելով այլ մարդկանց հիշողությունները, ես գտնում եմ իմ պատմության կորած կտորները: Մեր պարտականությունն է տեղի ունեցածի վերաբերյալ հավաքել ապացույցներ: Հատկապես, երբ Թուրքիան մինչ օրս հերքում է, որ կատարվածը ցեղասպանություն է», - նշում է նա:

Աստրիդը գնահատելի է համարում Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ Ֆրանսիան ու մյուս երկրները պետք է առաջ գնան և ընդունեն օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը:

Deutsche Welle-ի լրագրողը նկատում է, սակայն, որ միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է խաղաղություն բերել Աստրիդին ու նրա ընտանիքին:

Лента

Рекомендуем посмотреть