Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առավել հիշարժան դեպքերին և իրադարձություններին վերաբերող վավերագրական նյութերի հավաքված, զտված և հետազոտված տարբերակներն ընդգրկված են «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ տեսաինստալացիայում, որը կներկայացվի Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեում: Բիենալեն կանցկացվի այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր:
Հայաստանյան տաղավարի նախադիտումը տեղի կունենա մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:
Հանրության համար ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին:
«Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին: ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի թիվ 736 հրամանով ստեղծվեց մրցութային հանձնաժողով արվեստի 58-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետի ընտրության համար: Բիենալեին մասնակցության համար նախորդ տարվա սեպտեմբերին առաջին անգամ նախարարությունը բաց մրցույթի արդյունքում ընտրեց համադրող Սուսաննա Գյուլամիրյանին, «ԱրտլաբԵրևան» մշակութային ՀԿ-ի արվեստագետներ Գագիկ Չարչյանին, Վարդան Ջանոյանին, Հովհաննես Մարգարյանին, Արթուր Պետրոսյանին 2019 թվականի բիենալեում հայկական տաղավարը «Հեղափոխության սենսորիում» նախագծով ներկայացնելու համար»,- ասված էր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքում, որը ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընթերցեց նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:
Նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանը նշեց, որ նախագիծը բաղկացած է երեք մասից: «Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը: Կարևորվել են նաև դրոնային նկարահանումները, որոնք մեծ դեր են խաղացել ամբողջ հեղափոխության ընթացքում»,- ներկայացրեց նա:
Գյուլամիրյանն ասաց, որ երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շեփոր-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց անհնազանդությունը:
Մյուս մասը հայաստանյան տաղավարի համադրողի նախաձեռնած և կազմակերպած «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրություններն են, որոնցում կին փորձագետներ, ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամկոչյանը և Աննա Նիկողոսյանը հանդես են գալիս վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցմամբ:
Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների` նախարարությունների, արվեստի խորհուրդների կողմից ներկայացված ու երաշխավորված արվեստագետները: Երկու տարին մեկ անգամ մայիսից մինչև նոյեմբեր Վենետիկի բիենալեի կազմակերպություն կոմիտեի կողմից առաջարկած Վենետիկի այգիներում և պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը: