2019 World Press Freedom Index. Հայաստանը առաջընթաց է գրանցել մամուլի ազատության սանդղակում - RadioVan.fm

Онлайн

2019 World Press Freedom Index. Հայաստանը առաջընթաց է գրանցել մամուլի ազատության սանդղակում

2019-04-18 20:43 , Общество, 1254

2019 World Press Freedom Index. Հայաստանը առաջընթաց է գրանցել մամուլի ազատության սանդղակում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է 2019թ.-ին աշխարհում մամուլի ազատության ինդեքսը (2019 World Press Freedom Index), որի համաձայն աշխարհում մամուլի ազատությունն ընդհանուր առմամբ նվազում է։

«Լրագրողների հանդեպ թշնամանքը, հաճախ արտահայտվող քաղաքական առաջնորդների կողմից, լրատվամիջոցներին գլոբալ ռիսկի են ենթարկում։ Քաղաքական գործիչների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ տարածվող ատելությունը դրդում է վտանգավոր ու հաճախակիացած բռնությունների, որը բորբոքում է լրագրողների համար աննախադեպ վտանգը», - ասվում է 2019թ.-ին աշխարհում մամուլի ազատության ինդեքսի զեկույցում։

2019թ.-ի մամուլի ազատության ինդեքսն ուսումնասիրել է 180 երկրներում լրատվամիջոցների մթնոլորտը, որտեղ ավելի քան երեք-քառորդում այն դասակարգել է որպես «խնդրահարույց», «բարդ», «շատ բարդ»։ Միայն 8 տոկոսում է մամուլի ազատությունը համարվել «լավ»։

Հայաստանը 2019թ.-ի սանդղակում առաջընթաց է գրանցել 19 կետով՝ 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը։ Հայաստանի վերաբերյալ վերլուծության մեջ նշվում է, որ մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բևեռացված և հիմնական հեռուստատեսային ալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերին։

Ըստ զեկույցի, մամուլի ազատության ցուցանիշնեը նվազել են ԱՄՆ-ում, Վենեսուելայում, Իրանում, Չինաստանում։

Նորվեգիան, 3-րդ տարին անընդմեջ, գլխավորում է մամուլի ազատության սանդղակը։ Առաջին եռյակում են նաև Ֆինլանդիան ու Շվեդիան։ Ֆրանսիան 32-րդն է։ Ռուսաստանը 149-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 166-րդ, Վրաստանը՝ 60-րդ, Իրանը՝ 170-րդ, Թուրքիան՝ 157-րդ։

Лента

Рекомендуем посмотреть