Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ին հատուկ նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հետ։
Ինչպես հաղորդում է horizonweekly-ն, հայտարարության մեջ նշված է, որ 1915-16 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել հայ ժողովրդի երկու երրորդը։
Նշվում է նաև, որ 1997 թվականից սկսած Մոնրեալի քաղաքապետարանը ամեն տարի բանաձև է ընդունում, որով դատապարտում է մեկուկես միլիոն հայերի տեղահանությունը, ջարդը։
Քաղաքապետարանի հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մոնրեալում ապրում է 50 հազար հայ, որոնք, որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական, քաղաքական կյանքին։
Քաղաքապետ Վալերի Փլանթի վավերացմամբ 2019 թվականի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր։