Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում, որում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
«Այս վեց ամիսների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Տրանսպորտային այս համակարգի ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է, այդ իսկ պատճառով մենք մի փոքր նաև զգուշավոր ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, քանի որ այս պահին գործող տրանսպորտային համակարգն էլ լավ վիճակում չէ, խնդիրներ ունենք»,-Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ ասել է նստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթին, տեղփոխերի և ուղևորահոսքի հաշվետվությունների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որից հետո խորհրդատու կազմակերպությունը տրամադրել է վերջնական նախագիծը:
Ըստ այդմ՝ ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:
«Մենք հասնում ենք արդեն վերջնական փուլին, որտեղ պետք է իրականացվեն տարբեր հաշվարկներ՝ կապված այդ չափորոշիչներից: Վերջին հաշվետվության մեջ կա նաև հաշվարկված սակագին, բայց դա ընդհանուր բնույթի հաշվված սակագին է և դրանում հաշվարկված չեն այն չափորոշիչները, որը քաղաքը ցանկանում է ունենալ: Դրանք են անմիջական ազդեցություն ունենալու սակագնի ձևավորման վրա»,-նշել է քաղաքաետի առաջին տեղակալը: