Ինքնատիպ համերգ Երևանում. Gate of Frequency ծրագրում կմիավորվեն ջազն ու դասական երաժշտությունը - RadioVan.fm

Онлайн

Ինքնատիպ համերգ Երևանում. Gate of Frequency ծրագրում կմիավորվեն ջազն ու դասական երաժշտությունը

2019-04-16 21:48 , Культура, Шоу бизнес, 1717

Ինքնատիպ համերգ Երևանում. Gate of Frequency ծրագրում կմիավորվեն ջազն ու դասական երաժշտությունը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5thSeason խումբը Gate of Frequency ինքնատիպ համերգային երեկոյին կհնչեցնեն Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի գործերը: Համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ձևաչափի հետաքրքիր համադրություն է:

Երեկոն կանցկացվի ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը, Մակար Նովիկովը:

«Համերգն անվանել ենք Gate of Frequency, քանի որ ներխուժում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Համագործակցում ենք Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն իմ լավ ընկեր է: Նա հայտնի է աշխարհում ու հրաշալի անձնավորություն է, որի հետ կարելի է իրագործել ամենախենթ գաղափարները», - ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահագն Հայրապետյանը:

Դաշնակահարը շեշտեց, որ համերգային ծրագիրը չունի երաժշտական որևէ ոճ, այն տարբեր ոճերի համադրություն է:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, խոսելով համերգի փորձարարական բնույթից, ասաց, որ ամբողջ երաժշտության պատմությունն է հիմնված փորձարարության վրա, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք`ոչ: «Մենք նվագելու ենք նոտաներով, բայց թե ի՞նչ կհավելի մեր երաժշտությանը 5th Season խումբը, մեզ համար գաղտնիք է»,-խոստովանեց նա:

Արտո Թունջբոյաջյանը շեշտեց, որ երաժշտությունն իր կյանքն է. այն անկեղծ մտածելու ձև է:

«Բոլոր մասնագիտություններում պետք է անկեղծ լինել: Մենք` հայերս, այդպիսին ենք: Ճիշտ է, մեր թշնամիները մեզ չեն սիրում, բայց ընդունում են, որ մենք ստեղծագործող մարդիկ ենք: Մենք պետք է դա հիշենք ու երիտասարդներին ազատ, անկաշկանդ ստեղծագործելու հարթակ տրամադրենք»,- նշեց երաժիշտը:

Նա ասաց, որ հաջողությունների հասնելու համար պետք չէ վախենալ սայթաքելուց և սխալներ գործելուց: «Մենք պետք է աջակցենք երիտասարդներին ու թույլ չտանք, որ նրանք ընկնեն»,- ընդգծեց Թունջբոյաջյանը:

Лента

Рекомендуем посмотреть