Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը՝ կոչ անելով թատերական հայտարարություններ չանել - RadioVan.fm

Онлайн

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը՝ կոչ անելով թատերական հայտարարություններ չանել

2019-04-16 19:00 , Право, 1702

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը՝ կոչ անելով թատերական հայտարարություններ չանել

Նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անտեղի չվատնել պետական ռեսուրսները։

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։

Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։

Իհարկե՛ հայտնի է Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։

Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։

Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»,-ասված է Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում։

Նշենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իրենց հայտնի է հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետի գտնվելու վայրը, որին կալանավորելու որոշում է կայացված։

Նշենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը՝ որոշում կայացնելով կալանավորել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Պողոսյանին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть