ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին և ափսոսանքի խոսքեր հայտնել.
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,-թվիթերում գրել է վարչապետը։
Une immense tristesse devant ces images bouleversantes de #NotreDame de Paris. L'Arménie s'associe à l'émotion de la France.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 15 апреля 2019 г.
Փարիզում կատարվածը ողբերգություն է որակել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ ֆեյսբուքյան իր էջում զորակցություն հայտնելով բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ Քույր Եկեղեցուն։
«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։
Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։
Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,-գրել է Գարեգին Երկրոդը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում հրդեհը բռկվել էր երեկ երեկոյան, այն հիմնականում մարվել է, հրշեջներն աշխատանքներ են տանում հրդեհի վերսկսման վտանգը կանխելու ուղղությամբ։
Հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:
Հաղորդվում է, որ գոթական այդ տաճարում վերջին շրջանում շինարարական, վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, արդյո՞ք դա է դարձել հրդեհի պատճառը:
Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է շուրջ երկու դար՝ 12-14-րդ դարերում։ Եվրոպայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը համարվող կաթոլիկ այդ տաճարը անգնահատելի արժեք ունի ոչ միայն բուն շինությամբ, այլև դրանում պահվող գանձերով ու արվեստի ստեղծագործություններով: