Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը՝ տեղադրելով Ֆրանսիայի նախագահի հրամանագիրը:
Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել փետրվարի 5-ին` Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: