Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը օրեր առաջ նկարահանել ու տարածել էր մաքսակետի անցման կարգին անտեղյակ քաղաքացուն, աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին «Ֆակտոր» ինտերնետային կայքի հետ զրույցում տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից։
Նշենք՝ մի քանի օր է համացանցում շրջանառվում է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է սահմանային անցակետում քաղաքացին ուղեբեռի հետ միասին անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով: Տեսանյութը, ի դեպ, հեռախոսի միջոցով վերատեսանկարահանված է անցակետում տեղադրված տեսախցիկների ֆիքսած կադրերից։
«ՊԵԿ նախագահը հանձնարարել էր ծառայողական քննություն անցկացնել դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար։ Այդ ընթացքում տեսանկարահանման հեղինակ հանդիսացող ՊԵԿ աշխատակիցը ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է։ Դեպքը տեղի է ունեցել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում»,-նշել են ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Իրողությանն արձագանքել են նաև սոցիալական կայքերի օգտատերերը։
«Դե ինչքան կարելի է... Ի վերջո ձեր՝ էթիկայի տարրական նորմերի իմացության իսպառ բացակայությունն ու անկիրթ էությունն եք ի ցույց դնում... Արդեն էջումս 10-րդ գրառումն եմ տեսնում էս տղային բացահայտ ծաղրող տեքստերով... Ձեզանից յուրաքանչյուրին 5 րոպե պարզապես նայելու դեպքում վստահաբար ծաղրուծանակի 5 պատճառ կարելի կլինի նկատել... Տգեղ է պարզապես, անտանելի տհաճ»,-տեսանյութին ուղեկցող մեկնաբանություններում գրել է Տաթև Գասպարյանը:
Էլեն Առաքելյանն էլ անդրադառնալով մաքսայինի աշխատակցին ազատելուն՝ գրել է․ «Մաքսայինի աշխատակցին աշխատանքից ազատելու վերաբերյալ կարծիքներ են հնչում, թե պետք է խնդրել որպեսզի նրան չազատեն աշխատանքից․․․ դեռ հարց է, թե ով ում պետք է խնդրի, որ այդ երիտասարդը մնա այն ամենից հետո, երբ նվաստացվեց համայն հայության առաջ․․․ցավում եմ, որ իրավագիտակցության նման ցածր ընկալման հետ գործ ունենք․․․շարունակեք խնդրել, աղերսել, ոչ երբեք պահանջատեր լինել ձեր իրավունքների ոտնահարման հարցում»