Թշնամական մոտեցում և քաղաքական պոպուլիզմ․ Թուրքիան՝ Իտալիային ուղղված որակումներով - RadioVan.fm

Онлайн

Թշնամական մոտեցում և քաղաքական պոպուլիզմ․ Թուրքիան՝ Իտալիային ուղղված որակումներով

2019-04-11 13:43 , Политика, 1203

Թշնամական մոտեցում և քաղաքական պոպուլիզմ․ Թուրքիան՝ Իտալիային ուղղված որակումներով

Թուրքիան իրավական առումով առոչինչ է համարում Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը։

«Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»,-թվիթերում կատարած գրառմամբ հայտարարել է Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ անընդունելի է համարում այն, որ իտալական խորհրդարանը դարձել է գործիք Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության դիրքերն ամրապնդելուն ուղղված խաղում։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարում է․ «Այս բանաձևը մեր երկրի հետ պատմական առնչություններ, առևտրային սերտ համագործակցություն ունեցող և ռազմավարական դաշնակից Իտալիայի հետ մեր հարաբերությունների վրա անխուսափելի ազդեցություն կունենա»:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս արձագանքել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևին:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և նոր թշնամություն սերմանում: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղպատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»,-երեկ ուշ երեկոյան իր թվիթերյան էջում գրել է նա։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն էլ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը որակել է որպես թուրք ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու քայլ։

«Սաանօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»,-գրել է նա թվիթերում։

Հիշեցնենք՝ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քվեարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, դեմ ձայներ չեն եղել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть