Շատ վայրիվերումներ եղան, երկար ճանապարհ անցա, մինչև գտա իմը. Արփի - RadioVan.fm

Онлайн

Շատ վայրիվերումներ եղան, երկար ճանապարհ անցա, մինչև գտա իմը. Արփի  

2019-04-09 13:17 , Культура, Шоу бизнес, 1812

Շատ վայրիվերումներ եղան, երկար ճանապարհ անցա, մինչև գտա իմը. Արփի

Ռադիո Վանը 2002 թվականից սկսած անցկացնում է երաժշտական փառատոն՝ մրցանակաբաշխություն, որի նպատակը ի սկզբանե եղել է ժամանակակից երաժշտությունը հանրահռչակելու, ներկայացնելու գործը: Սկզբնական շրջանում այն իր մեջ ընդգրկում էր հիմնականում պոպուլյար ժանրի երգեր, էստրադային ստեղծագործություններ ՝ իհարկե, շեշտը դնելով որակյալ երգերի առաջ մղման վրա: Եվ այդ սկզբնական շրջանում ՝ մոտ տասը տարի, այն կոչվում էր «Ոսկե Քնար»:

Հետագայում, կարճատև դադարից հետո, սկսվեց մրցանակաբաշխության նոր ընթացքը, որը վերանվանվեց Van Music Awards` Վանի երաժշտական մրցանակաբաշխություն: Այստեղ արդեն մեր նոր իրականության կողմից թելադրվեց նոր ձևաչափ. քանի որ հայկական էստրադան հայտնվեց այսպես ասած փակուղում՝ որակային առումով, Ռադիո Վանը որոշեց շեշտը դնել այլընտրանքային երաժշտության վրա՝ բենդերի, կենդանի հնչողությամբ հանդես եկող արտիստների, ռոք, ֆոլկ և ամենատարբեր երաժշտական ոճերի և նրանց միախառնման մեջ ներկայացող արտիստների, ու արդեն սկսվեց Van Music Awards-ը:

Արդեն տարիներ շարունակ Van Music Awards-ը ներկայացնում է ամենամսյա հիթ-շքերթներ, որտեղ ներկայացվում են առնվազն 3-5 ստեղծագործություններ, հանրությունը դրանք լսում է Ռադիո Վանի ուղիղ եթերում, տեղի է ունենում քվեարկություն, և տարեվերջին թե՛ քվեարկությամբ հաղթողները, թե՛ նաև մենք, որպես կազմակերպիչ կողմ, առանձնացնում ենք աչքի ընկնող կատարողներին, որոնք միգուցե քվեարկությամբ ստացած միավորների առումով մի փոքր զիջում էին, բայց ակնհայտորեն իրենցից ներկայացնում էին ծանր կշիռ մեր երաժշտական իրականության մեջ, և իրենց ևս հնարավորություն էր տրվում ելույթ ունենալ եզրափակիչ համերգին, ստանալ Van Music Awards մրցանակը, որն իրենից ներկայացնում է ձեռքի հավանման նշան՝ բութ մատը վեր բարձրացրած, որը և դարձավ մրցանակաբաշխության խորհրդանիշը: Այդ մրցանակները ամեն տարի նկարազարդվել են ամենատարբեր արվեստագետների կողմից, և դա նույնպես յուրահատուկ է դարձրել մրցանակը:

Այս տարվա ձևաչափը նորից փոխվեց: Փաստորեն Van Music Awards-ը ապրում է իր երրորդ մետամորֆոզը. եթե նախկինում մենք վերցնում էինք ձայնագրված ստեղծագործություններ և պտտում եթերում, ապա հիմա գործարկվել է նոր երաժշտական ստուդիա, որտեղ խմբերն ու կատարողներն արդեն կարող են կենդանի ելույթներ ունենալ և ներկայավցնել հեղինակային կամ cover-ստեղծագործություններ, մասնակցել քվեարկությանը: Եվ այդ երգերը հնչում են եթերում ու ամեն ամսվա արդյունքներով ճանաչվում են հաղթողներ:

Երիտասարդ երգչուհի Արփին առաջին անգամը չէ, որ մասնակցում է Van Music Awards-ին. տարիներ առաջ, երբ դեռ «Ոսկե Քնարն» էր, նա ստացել է մրցանակ Ռադիո Վանից իր աշխատանքի համար:

Այս նոր ձևաչափով Van Music Awards-ում Արփին և Hayway band-ը ներկայացրեցին «Թամզարա» ստեղծագործությունը, որը հին հայկական հարսանեկան պարերգ է, և ունի տարբեր մեկնաբանություններ: Ռադիո Վանի լսարանը հավանեց հենց այս ստեղծագործությունը Արփիի և Hayband-ի մեկնաբանությամբ, և «Թամզարա» երգը հաղթող ճանաչվեց տարվա առաջին եռամսյակում:

Van Music Awards-ի մրցանակակիր Արփին նոր ձևաչափով մասնակցելու, հաղթանակի, հետագա նախագծերի և այլ հետաքրքիր բաների մասին պատմեց Ռադիո Վանին:

Կարևորը մեզ համար շատ մեծ հաճույքով մասնակցելն էր. սպասումների և հաղթանակի մասին

Ճիշտն ասած՝ սպասումների առումով մենք այդքան էլ չէինք կենտրոնանում մրցանակի վրա՝ ի՞նչ կլինի, շատ դիտում կլինի՞, թե՞ ոչ, ինչպե՞ս կգնահատվի: Կարևորը, որ մենք շատ էինք ոգևորված մրցույթի նոր ձևաչափով, որովհետև թեև շատ դժվար էր ժամանակային առումով,բայց այնքան մեծ էր մասնակցելու ցանկությունը, այնքան մեծ էր հետաքրքրությունը նախագծի հանդեպ ՝ կատարումը կենդանի հնչողությամբ գրվեց ու դրվեց առանց որևէ մշակման, առանց հատուկ տեխնիկական միջամտությունների: Մեզ համար իսկապես ուրախալի էր ներկայանալը, ինձ իսկապես շատ ուրախացրեց այն միտքը, որ մենք ներկայանալու էինք հենց այս ձևաչափով` մեր շատ սիրելի Ռադիո Վանի ստուդիաում: Անկեղծ ասած՝ մենք հատուկ չէինք կենտրոնացել անպայման մրցանակը ստանալու, սպասումների վրա։ Կարևորը մեզ համար շատ մեծ հաճույքով մասնակցելն էր:

Ամեն ինչ սկվեց «Կապույտ թռչունից». անցած ճանապարհի մասին

Հանդես գալով տարբեր տեղեր, նույնիսկ համալսարանական միջոցառումներին, բոլոր իմ ընկերները աումէին, թե անպայման ընտրիր երգարվեստը, դու սխալ ես ընտրել թարգմանչութունը (իհարկե, դա սխալ չի, ես շատ եմ սիրում իմ առաջին մասնագիտությունը), բայց և այնպես, ընկերներիս հորդորով, ինչպես նաև Վահան Խաչատրյանի հորդորով ես գնացի լուսահոգի Նադեժդա Սարգսյանի մոտ, ինչի համար շատ ուրախ եմ. այս որակյալ դպրոցն անցնելը ինձ համար շատ կարևոր էր: Ես իսկապես շատ եմ դա կարևորում՝ ինչպիսի հիմք է դրված ամեն կատարողի երգարվեստի ճանապարհին: Եվ ամեն ինչ սկսվեց իմ առաջին երգից՝ «Կապույտ թռչունը», որը, վստահաբար կարող եմ ասել, բում առաջացրեց, որովհետև նորություն էր թե՛ երգի ոճը, թե՛ տեսահոլովակը, թե՛ երևի իմ վառ կերպարը:

Այնպիսին, ինչպիսին կամ. քննադատության մասին

Դրանից հետո որոշ վայրիվերումներ եղան, ձայնագրվեցին երկու տեսահոլովակներ, որոնք գուցե և լավ չընդուվենցին, ճիշտ չհակացվեցին կամ երևի դեռ շուտ էր նման հոլովակների համար, հանրությունը դեռ պատրաստ չէր նման մոտեցումներին. միգուցե նրանք ավելի սյուրռեալիստական էին և այլն, ինչի համար ես այն ժամանակ շատ-շատ ցավում էի, ծանր էի տանում, բայց հիմա նման դեպքերին ավելի հանգիստ եմ վերաբերվում, որովհետև գիտեմ ՝ կա մարդկանց այն 20 կամ 30 տոկոսը, որոնք սովոր են ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ՝ ավելի ազատ, ավելի անկեղծ...

Այո, հիմա շատ ավելի հանգիստ եմ վերաբերվում քննադատությանը, շատ հանգիստ եմ ընդունում այն, որ ժամանակին դա չընդունվեց: Շատ վայիվերումներ եղան, երկար ճանապարհ անցա, մինչև ես գտա իմը:

Ճանաչելի ձեռագիրը երգարվեստում. սեփական ոճը գտնելու մասին

Իմը ասելով՝ ի նկատի ունեմ աշխատանքս բենդի հետ: Այս տարի լրանում է 10 տարին, ինչ ես աշխատում եմ, ելույթ ունենում Hayway բենդի հետ, և բոլորն արդեն իսկ սովորել են ինձ տեսնել ավելի շատ բենդի հետ, քան մենակ: Մի խոսքով, ես գտա իմը, նաև իմ ուղին՝ ներկայացնել ժողովրդական երգերը, այսինքն՝ Արփիի սեփական ու ճանաչելի ձեռագիրը երգարվեստում:

Ես գտել եմ իմ սեփական ոճը այս՝ ժողովրդական ժանրի մեջ, դեռ չեմ ասում բենդի հետ: Նույնիսկ երբ «Թամզարան» ներկայացվեց Ռադիո Վանի տաղավարում. իմ սկավառակի մեջ այն ներկայացված է այլ մշակմամբ, իսկ Hayway band-ի հետ, Գարեգին Առաքելյանի մշակմամբ, այն լրիվ այլ ձևով է ներկայացված: Բայց այն, որ ես գտել եմ իմ ոճը, ես շատ հանգիստ եմ, շատ կայուն եմ, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ եմ ես ուզում ստանալ, դա միանշանակ է: Եվ ես շատ ուրախ եմ, որ եկել է այս ժամանակը, այս տարիքը, այս փուլը:

Ինչքան շատ գործ ես ունենում, այդքան շատ բան ես հասցնում. արվեստի և ընտանիքի համատեղելիության մասին

- Շատ դժվար է համատեղել ընտանիքն ու արվեստը, բայց երևի թե բոլորը կհամաձայնվեն, որ ինչքան շատ գործ ես ունենում, այդքան շատ բան ես հասցնում անել: Դա իսկապես այդպես է, ուղղակի պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել: Ու ես գտել եմ իմ միջոցը. քանի որ դարձել մոռացկոտ, պահում եմ մի հուշատետր, որի մեջ գրանցում եմ բոլոր անելիքներս, ամեն մի մանրուք /ժպտում է/: Բաց թողումներ, իհարկե, երբեմն լինում են՝ առանց դրա հնարավոր չի, բայցերեխաներին խնամելու հարցում ինձ շատ է օգնում սկեսուր մայրիկս, ամուսնուս ընտանիքը։ Մանավանդ իմ գործունեության ներկայիս փուլում այդ օգնությունն իսկապես շատ կարևոր է: Շնորհակալ եմ Աստծուց, որ կա այս հնարավորությունը:

Առաջ և հետո. մայրության մասին

Չեմ կարող բացատրել, չեմ կարող բառերով ասել այն, ինչ զգացել եմ երեխաների ծնվելուց հետո, նույնիսկ տարբերությունը կա՝ աղջկաս ծնունդից հետո և որդուս ծնվելուց հետո: Երբ ինձ առաջ ասում էին, որ կյանքը կարող է բաժանվել երկու մասի՝ առաջ և հետո, հիմա ինձ համար դա միանշանակ է՝ ո՛չ արվեստը, ո՛չ երգերը, ո՛չ տեսահոլովակները, ո՛չ ապրելակերպը՝ ոչ մի բան այլևս այդքան կարևոր չէ այնքան, որքան կարևոր էր երեխաներից առաջ: Նրանք լցրեցին ինձ մի նոր էներգիայով, բարությամբ, պարուրեցին կյանքս ժպիտներով, լույսով, ծաղիկներով, դարձրեցին այն ավելի բովանդակալից:

Միշտ գտնում եմ ժամանակ երեխաներիս համար. ժամանակի սղության մասին

Շատ եմ ափսոսում, որ չեմ գտնում ժամանակ իմ հեղինակային երգերը գրելու համար: Որովհետև շատ հաճախ մտքիս անգամ կարճ ֆրազաներ են գալիս, որոնք արագ ձայնագրում եմ, որպիսի հետո դա երգ դառնա: Ու ես զգում եմ, որ այդ պոտենցիալըկա, կարող են ծնվել շատ սիրուն երգեր, բայց չեմ կարողանում բավարար ժամանակ գտնել... Այսինքն, այսպես է՝ եթե ես պիտի շարժվեմ, գործ անեմ, ես դրա ժամանակը ունեմ, բայց եթե պիտի հանգիստ նստեմ, մի բան անեմ, ապա դրա ժամանակը ես չունեմ՝ հանգստանալու ժամանակ չունեմ /ժպտում է/: Ինչ վերաբերվում է անպայման ժամանակ գտնելուն, ապա ես գրեթե միշտ գտնում եմ ժամանակ երեխաներիս հետ զբաղվելու, իրենց հետ զբոսնելու, խաղալու, անգամ կան օրեր՝ կիրակի և շաբաթվա մեջ մի օր, որոնք մենք պարտադիր հատկացնում ենք մեր ընտանիքին, երեխաներին:

Մեծ նվեր. հետագա պլանների մասին

Շուտով լույս է տեսնելու իմ օրորոցային երգերի սկավառակը, որը ձայնագրվել էր դեռ անցյալ տարի, երբ ես սպասում էի երեխայիս, հենց այս կարգավիճակում էլ այն ձայնագրվել է: Սկավառակի մեջ ներառված են մոտ 15 շատ սիրուն երգեր՝ և՛ հին հայկական օրօրոցայիններ, անգամ անծանոթ լայն հանրությանը, և՛ իմ ու Derhova-ի հեղինակած երգը, և՛ Գարեգին Առաքելյանի կողմից գրված ևս մեկ երգ։ Դրանք լույս կտեսնեն մոտ 1-2 ամսից: Այնպես որ, ես կարծում եմ, որ մայրիկների և նրանց երեխաների համար դա մեծ նվեր կլինի:

Հարցազրույցը՝ Թամարա Խաչատրյանի

Լուսանկարները՝ Արփիի անձնական ալբոմից

Лента

Рекомендуем посмотреть