Онлайн

Արամի 9 հասցեի հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

2019-04-09 12:57 , Право, 138

Արամի 9 հասցեի հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում:

Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,-հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть