Онлайн

Գեորգի Դանելիայի հիշատակին, կամ ինչպես էին խորհրդային շրջանի կինոգործիչները Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային վրացական ռեստորան տանում

2019-04-06 16:56 , Культура, Шоу бизнес, 348

Գեորգի Դանելիայի հիշատակին, կամ ինչպես էին խորհրդային շրջանի կինոգործիչները Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային վրացական ռեստորան տանում

Մոսկվայի միջազգային կինոփառատոն, 1979 թ.

Ցուցադրեցին Կոպոլայի «Ապոկալիպսիսը հիմա»-ն, որն ահռելի աղմուկ բարձրացրեց և տաքացրեց առանց այդ էլ գերհայտնի ռեժիսորի հանդեպ ծագած աժիոտաժը. բոլորը երազում էին շփվել աշխարհահռչակ ռեժիսորի՝ ամերիկաբնակ իտալացու հետ։ Կինոկենտրոնից զանգում են Դանելիային և հայտնում, որ առավոտյան ուղիղ ժամը 10-ին հատուկ Կոպոլայի համար պատրաստվում են ցուցադրել «Աշնանային մարաթոնը», և, իհարկե, սպասում են նաև Դանելիային։

Առավոտ 10-ին պարտաճանաչ Դանելիան ներկայանում է «Մոսֆիլմ»։ Կոպոլան չկա. պարզվեց՝ երեկ այնքան շատ են խմացրել, որ այսօր չեն կարողանում արթնացնել՝ պետք է սպասել 1-2 ժամ։ 1-2 ժամից Կոպոլան չհայտնվեց, չհայտնվեց անգամ 3 ժամից։ 13:30 վերջապես ներկայացավ ճաշին՝ եղբայր Ջուլիոյի, եղբորորդիների, քրոջ, քրոջ ամուսնու, երեխաների, դայակների և իտալացիներին կցված թարգմանիչների հետ։ Ճաշեցին։ Հետո դիտեցին Դանելիայի ֆիլմը։ Կոպոլան զարմացավ, որ սովետական ֆիլմում ներկայացված դավաճանող ամուսնու կերպարը չի առաջացրել որևէ խնդիր խորհրդային համակարգում աշխատող ռեժիսորի համար։ Դանելիան բացատրեց, որ իրականում խորհրդային կինեմատոգրաֆում որոշ երևույթներ կարելի է ներկայացնել. որոշ բաներ, բայց ոչ ամեն ինչ։ Պատմեց նաև, թե ինչ բարդ էր Թիֆլիսում գտնել «Կնքահոր» սեանսի տոսմերը, և ինչպես էին կողոպտել մի հարուստի բնակարանը, որն ուրախ-ուրախ ամբողջ ընտանիքով գնացել էր պրեմիերային, տարել էին անգամ չեխական զուգարանակոնքը։ Կոպոլային պատմությունը դուր եկավ։

Վերադարձան «Ռոսիա» հյուրանոց, որտեղ և բնակվում էին կինոփառատոնի հյուրերը, հրաժեշտ տվեցին միմյանց։ Հյուրանոցի վեստյիբյուլում Դանելիան պատահական հանդիպում է քրոջը՝ Փարաջանովի մուսա՝ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին (Նռան գույնը)։ Սոֆիկան շփոթված էր. երեկ գինարբուքի ժամանակ Կոկա Իգնատովի հետ միասին հրավիրել են Կոպոլային «Իվերիա» վրացական ռեստորան, սակայն Կոկան անհետացել է, իսկ Սոֆիկոյի մոտ ընդամենը 60 ռուբլի է։ Բավական չէ։

- Երեկ Կոպոլային նենց չեք հարբեցրել, որ այսօր հիշի Կոկայի խոստումները…

- Ո՞նց թե չի հիշի, բա ո՞ր հիշի…-անհանգստացավ Սոֆիկոն։

- Արի հարցնենք։

Կինոփառատոնի աշխատակցի միջոցով զանգեցին Կոպոլայի քարտուղարին և հետաքրքրվեցին ռեժիսորի երեկոյան պլաններով։ Քարտուղարը պատասխանեց, որ ոմն վրացի դերասանուհի հրավիրել է պարոն Կոպոլային քաղաքից դուրս՝ վրացական ռեստորան։

Դանելիայի գրպանում 30 ռուբլի էր, Սոֆիկոյի մոտ՝ 60: Ոտի վրա գտան ռեժիսոր Շուհրաթ Աբասովին, պարտքով խնդրեցին ևս 190 ռուբլի, սակայն հասկացան, որ բազմաքանակ իտալո-ամերիկյան խմբին, թարգմանիչների ու վարորդների թիմին և սակավաթիվ վրացիներին այդ գումարը չի հերիքացնի։ Նորից զանգեցին Կոպոլայի քարտուղարին, հետաքրքրվեցին՝ գուցե վրացականի փոխարեն պարոն Կոպոլան կցանկանա այցելել Կինոյի տա՞ն ռեստորանը։ Քարտուղարն ասեց, որ այդտեղ պարոն Կոպոլան արդեն եղել է, և հիմա ցանկանում է այցելել վրացականը։ Ստիպված զանգեցին «Իվերիա», պատվիրեցին 15 հոգանոց սեղան։

Հյուրանոցից ճամփա ընկան հետևյալ կազմով. 2 «Չայկայով» գնում էր Կոպոլայի ընտանիքը, 3 «Վոլգաները» տեղափոխում էին թարգմանիչներին, կինոփառատոնի սթաֆին ու Կոպոլայի թիմին, մոսֆիլմյան «ՌԱՖ»-ը բարձված էր կինոքննադատներով և կինոգետներով, պլյուս մի միկրոավտոբուս վավերագրողներ, իսկ կապույտ «Ժիգուլին» հյուրընկալեց Դանելիային, Սոֆիկոյին, Շուհրաթ Աբասովին (մարդը 190 ռուբլի գցվեց՝ չէին կարող չհրավիրել), նկարիչ Կոլյա Դվիգուբսկուն և Աբասովի ընկերոջը՝ փոքրամարմին ուզբեկին՝ ազգային տյուբետեյկան գլխին։ Ո՞վ էր այդ ուզբեկը՝ Դանելիան գաղափար չուներ։ Միայն հասցրել էր նկատել պիջակին փայլող մեդալը՝ «Աշխատանքի վետերան»։ Սոֆիկոն արդեն սարսափում էր մարդաքանակից։ Դանելիան կանգնեցրեց մեքենան հեռախոս-ավտոմատի մոտ։ Զանգեց «Իվերիա». խնդրեց 15-ը դարձնել 30: Մի սեղան էլ պահել վարորդների համար։ Խորտիկները դեռ չմատուցել։

Հասան, տեղավորվեցին։ Սոֆիկոն փորձեց փրկել իրավիճակը.

- Ֆրենկ, ունենք 2 տարբերակ. կարող ենք պատվիրել սովորական խորհրդային ընթրիք, դա այն է, ինչ դու արդեն ճաշակել ես երեկ, կամ գյուղական ուտեստներ, ինչ վրացիները սովորաբար ուտում են տանը։

- Ես սիրում եմ հասարակ սնունդ-ասաց Կոպոլան։

- Ուրեմն բերեք լոբիո, կանաչի, սուլուգունի, հաց, 7 շիշ օղի և 30 հատ «Բորժոմի»,-վրա տվեց Դանելիան։

- Այդքա՞նը,-ճշտեց մատուցողը։

- Մի րոպե, Գեորգի Նիկոլաևիչ, գիտե՞ք էլ ինչ համեղ գյուղական ուտեստ կա Վրաստանում։ Սացի՛վի... խաշած հավ է, ընկույզով… Բոլորի՛ն սացիվի,-գոչեց փոքրամարմին ուզբեկը։

- Ինձ պետք չի,-շտապեց Սոֆիկոն։

Դանելիան և Դվիգուբսկին էլ հրաժարվեցին։ Մնացածները սպասում էին իրենց խաշած հավին, ընկույզով. իտալացիների համար արդեն թարգմանել էին։

Դանելիան բացեց մենյուն և սկսեց փնտրել սացիվիի գինը։

- Վե՞րջ,-կրկին հետաքրքրվեց մատուցողը։

- Այո, այո։ Բերեք այդքանը,-վստահեցրեց Ճիաուրելին։

- Մի շտապեք, Սոֆիա Միխայլովնա,-կրկին մեջ ընկավ փոքրիկ ուզբեկը,-վրացական գյուղերում ընդունված է նաև մատղաշ գառը՝ թոնրի մեջ տապակած…

- Դրա եղանակը չի հիմա, հարգելիս, բերեք այն, ինչ արդեն պատվիրված է,-հրամայեց Սոֆիկոն և վրացերեն հարցրեց Դանելիային,-էս տխմարը որտեղի՞ց է հայտնվել…

-Շուհրաթն է բերել։

Շուհրաթը, լսելով իր անունը, հասկացավ ինչի մասին է խոսքը, բայց միայն ուսերը թափ տվեց՝ մեղավոր չեմ։

Երբ մատուցողը բերեց ջրեղենը՝ փոքրիկ ուզբեկը դիմեց Դանելիային.

- Գեորգի Նիկոլաևիչ, իսկ «Կինձմարաուլի» գինին փորձե՞լ են։

- Չեն փորձել։

Սոֆիկոն նայեց Դանելիային.

- Հինգ շիշ «Կինձմարաուլի»... դեռ այդքանը, հետո կերևա։

Այդ պահին Դանելիան տեսավ, թե ինչպես է մեկ այլ մատուցող սկուտեղի վրա բերում սաղմոն և սև ձկնկիթ՝ ուղիղ վարորդների սեղան։

- Գեորգի Նիկոլաևիչ, իսկ սև ձկնկիթ փորձե՞լ են, սիրու՞մ են,-ոգևորվեց ուզբեկը։

- Սիրում են,-վստահեցրին թարգմանիչները։

- Քանի՞ բաժին սև ձկնկիթ,-օդում կանգնեց մատուցողի պահանջատիրական ձայնը։

«Լավ կթողնեմ անձնագիրս, վաղը առավոտ գրքույկիցս փող կհանեմ, կբերեմ»,- մտածեց Դանելիան։

- Բոլորին սև ձկնկի՛թ,-գոչեց Դանելիան և հանգստացավ։

Երեկոն ընթանում էր հաճելի. հմայիչ Սոֆիկոն փայլուն կատարում էր թամադայի պարտականությունները, նվագախումբը նվագում էր «Կնքահոր» և «Միմինոյի» երաժշտությունը։ Բեմի վրա հայտնվեց Կոպոլայի եղբայր Ջուլիոն և կատարեց «Pagliacci» օպերայի արիան։

Խնջույքը մոտեցավ ավարտին։ Դանելիան խնդրեց բերել հաշիվը։

- Ամեն ինչ արդեն վճարված է,-հայտնեց մատուցողն ու նայեց փոքրիկ ուզբեկին։

Կարճահասակ ուզբեկը՝ տյուբետեյկան գլխին, մեղավոր և ամաչկոտ ժպիտով թափ տվեց ուսերը։

Թարգմանեց և պատրաստեց՝ Դիանա Մարտիրոսյանը

Лента

Рекомендуем посмотреть