Онлайн

Հայաստանում լույս է տեսել հանրահայտ լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ

2019-04-05 20:07 , Культура, Шоу бизнес, 301

Հայաստանում լույս է տեսել հանրահայտ լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ

Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը հայ ընթերցասերներին այսուհետ հասանելի է հայերեն թարգմանությամբ: Ապրիլի 8-ից այն կլինի գրախանութներում: Գիրքը թարգմանելու նախաձեռնությունը «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանինն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ռուբեն Իշխանյանը նշեց, որ գաղափարը ծնվել է երկու տարի առաջ:

«Ինձ միշտ հետաքրքրել է Վլադիմիր Պոզների գործունեությունը, նրա կերպարը: Երբ առիթ եղավ ու ծանոթացա գրաքննադատ Կլարիսա Պուլսոնի հետ, որոշեցինք դիմել Պոզներին իր գիրքը թարգմանելու առաջարկով: Կես տարի պարոն Պոզների հետ քննարկումների մեջ էինք, հեղինակային իրավունքի հարցերն էինք հստակեցնում: Մեկ ու կես տարի էլ տևեց թարգմանությունը, որը կատարեց գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը», - ասաց Ռուբեն Իշխանյանը: Նրա խոսքով, Վլադիմիր Պոզներն ամբողջ աշխատանքի ընթացքում իրենց հետ կապի մեջ է եղել, նրա համար կարևոր է, որ իր գիրքը տարբեր լեզուներով է թարգմանվում:

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Պոզները ենթադրում էր, որ անմիջապես իր գիրքը կթարգմանի ռուսերեն, բայց ինչպես ինքն էր ասում. «Այն չափազանց դժվար է տրվել ինձ, մի փոքր կսպասեմ»: Նա սպասեց 18 տարի, ռուսերեն թարգմանությունն ավարտվեց 2008 թվականին: Եվ միայն 2012 թվականին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը:

Այժմ այն հասանելի է նաև հայերեն: Գրող թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը նշեց, որ քաղաքական թեմաներին չէր անդրադարձել, սակայն այս գրքի թարգմանությունն իր համար բավական դյուրին էր:

«Ինձ համար առավել դյուրին էր այն հատվածի թարգմանությունը, որը վերաբերում է Խորհրդային Միությանը: Այդ թեմաները ինձ ծանոթ էին, ես լավ տեղեկացված էի: Նա անդրադարձել է այդ տարիների պատմությանը, քաղաքական գործիչներին՝ Լենինին, Ստալինին, հասնում է մինչև Պուտին: Ի դեպ, այդ գործիչներից դրական խոսում է միայն Լենինի մասին, ինչի հետ ես համամիտ չեմ»,- ասաց Ֆելիքս Բախչինյանը:

Ֆելիքս Բախչինյանը նշեց, որ գիրքը միայն Վլադիմիր Պոզների մասին չէ, այլ մեզնից ամեն մեկի, ով ապրել է 20-րդ դարի պատմության դրամատիկ ժամանակները: Գրելով այս գիրքը՝ գրողը հանձն է առել դժվարին մի գործ, քաջություն է ունեցել հետ տանել հենց այն տխրահռչակ երկաթյա վարագույրը, որի ետևում ասես կանգ էին առել ժամանակը, միլիոնավոր մարդկանց կյանքերը:

«Վլադիմիր Պոզները շատ լավ է տրամադրված հայերի նկատմամբ: Պետք է նշել, որ նրա առաջին կինը եղել է շատ հայտնի հայազգի կոմպոզիտոր Ջեմբերջիի դուստրը: Պոզները այցելել է Հայաստան, նա գրքում հրաշալի է նկարագրում իր այցելությունը հայկական մի օջախում, ապա անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը, նշում, թե մենք ինչպես ենք կարողացել գոյատևել՝ չնայած պատմության դառը դրվագներին, Եղեռնին: Նա անդրադառնում է նաև Արցախի հարցին», - ասաց Ֆելիքս Բախչինյանը: Նա նշեց, որ իր գրքում Պոզները խոսում է նաև այն մասին, թե ինչպես էին Խորհրդային Միությունում ճնշում հրեաներին:

Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսը Հայաստանում նրա իսկ մասնակցությամբ տեղի կունենա մայիսին: Գիրքն առայժմ լույս է տեսել 1000 օրինակով: Ռուբեն Իշխանյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այն կվերահրատարակվի:

Лента

Рекомендуем посмотреть