ԱԱԾ-ի պադվալով անցած մարդ եմ, ես չեմ վախենում կալանավորումից, ես հիասթափված եմ, ես կարող էի իմ գործունեությունը այլ երկրում ծավալել, ցավում եմ, որ 100 մլն դոլարի նախագիծը հարցականի տակ դրվեց։ Այդ մասին այսօր հրատապ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուն և ՊԵԿ քննչական վարչության քննիչի՝ իրեն կալանավորելու միջնորդությանը։
Նշենք՝ ՊԵԿ-ը այսօր տեղեկություն տարածեց այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը՝ շուրջ 7 մլրդ դրամ, չվճարելու փաստի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է 05.04.2019թ-ին, 17։00-ին։
«Երեկ ես անակնկալի եկա, շոկի մեջ եմ։ Հրավիրվել եմ ՊԵԿ-ի քննչական խումբ ու միանգամից, պատրաստի վիճակում, մի մեծ հատոր գործ։ Ինձ համար ներկայացրել են կալանքի միջնորդություն, որն այսօր ժամը 5-ին քննվելու է դատարանում»,-ասել է Ղազարյանը՝ նշելով, որ հարուցված քրգործի պատճառով Եվրասիական զարգացման բանկը հրաժարվել է տրամադրել 100 մլն դոլար վարկը, որը ընկերության հաշվին պետք է նստեր երկուշաբթի օրը։
Դավիթ Ղազարյանի պնդմամբ՝ շուրջ 7 մլրդ դրամի վճարման պարտավորություն «Սպայկա» ընկերությունը չունի, քանի որ կոռուպցիոն մեղադրանքն ուղղված է «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությանը, որի հետ «Սպայկա»-ն ունի ընդամենը գործընկերային հարաբերություն՝ մատուցում է բեռնափոխադրման ծառայություն։
««Գրինպրոդուկտ»-ը բերել կապել են «Սպայկա»-ին։ Իմ անձնական կարծիքն է, որ «Գրինպրոդուկտ»-ում և «Վիլիջ պրոդուկտ»-ում չկարողանալով փակել իրենց թեմաները, փորձագիտական եզրակացության հիման վրա ամեն ինչը կապեցին «Սպայկա»-ի հետ և ասացին, որ իրականում «Սպայկա»-ն «Գրին Պրոդուկտ»-ի իրական սեփականտերն է, որը սուտ է»,-ասել է Ղազարյանը՝ հայտարարելով, որ իր ընկերության նկատմամբ ՊԵԿ-ը հետապնդում է իրականացնում։
Նշենք՝ ավելի վաղ էլ՝ 2018 թվականի հուլիսի 9-ին, Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար: Օրեր առաջ լրագրողների հարցին ի պատասխան՝ Ղազարյանը հայտնել էր, որ ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը, ով այսօր շեշտել է, որ վճարել են առանց հաշվարկի, ստիպված, քանի որ ընկերության աշխատանքները պարալիզացված են եղել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը