«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար և շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը»,-այդ մասին հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ «Տավուշ» հայրենակցական միության 9-րդ համագումարում։
Մարզպետը տեղեկացրել է, որ առաջին գյուղը, որին անդրադառնալու են, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի չինարեցի ընտանիքներ:
«Նրանց հայացքն ուղղված է դեպի հայրենիք, որովհետև նրանք այնտեղ այնպես չեն ապրում, որպեսզի բավարարված լինեն իրենց ներկայով և ապագայով»,-ասել է Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ Տավուշի զարգացումն առանց ճակատագրի բերումով Հայաստանից դուրս գտնվող բազմահազարանոց տավուշցիների՝ հնարավոր չէ։
«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ուղիղ կապված է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ։ Նրանց ստեղծարար ձիրքը պետք է օգտագործենք մեր երկրում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»,-Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ ասել է մարզպետը՝ կարևորելով «Տավուշ» հայրենակցական միության վերագործարկման անհրաժեշտությունը։