Ուկրաինայում նախագահի թեկնածուները կբանավիճեն մարզադաշտում․ Պորոշենկոն ընդունել է շոումեն մրցակցի մարտահրավերը - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայում նախագահի թեկնածուները կբանավիճեն մարզադաշտում․ Պորոշենկոն ընդունել է շոումեն մրցակցի մարտահրավերը

2019-04-04 16:07 , Мир, 1166

Ուկրաինայում նախագահի թեկնածուները կբանավիճեն մարզադաշտում․ Պորոշենկոն ընդունել է շոումեն մրցակցի մարտահրավերը

Ուկրաինայում նախագահի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ նախագահի թեկնածու շոումեն, դերասան Վլադիմիր Զելենսկին մարտահրավեր է նետել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ նրան բանավեճի հրավիրելով Կիևի Օլիպիական մարզադաշտում, որտեղ, նշել է, կբանավիճեն ժողովրդի առաջ և այն լուսաբանելու հնարավորություն կունենան բոլոր լրագրողները և հեռուստաընկերությունները:

«Բանավեճը լինելու է ո՛չ Կրեմլի խաղատիկնիկի, ո՛չ տգետի, ո՛չ էլ ծաղրածուի հետ, բանավեճը լինելու է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է շոումենը՝ Պորոշենկոյին պատասխանելու համար տալով 24 ժամ։

«Մարզադաշտ, ուրեմն՝ մարզադաշտ: Ես սպասում եմ Ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ»,-Պորոշենկոյի պատասխանը չի ուշացել։ Երկրի գործող նախագահը ընդունելով մրցակցի մարտահրավերն, այդուհանդերձ, նրան հորդորել է ծանոթանալ նախագահի ընտրության բանավեճերի կանոններին, որոնք ամրագրված են օրենքում։ «Բարի եղեք, կարդացեք։ Դրանք կարող են կազմակերպվել հանրային հեռուստատեսությամբ՝ բոլոր հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակման հնարավորությամբ»,-մինչ «այո» ասելը Զելենսկիին սաստել է Պորոշենկոն։

Այդպիսով՝ բանավեճը՝ 70 հազար մարդու տեղավորման հնարավորություն ունեցող Կիևի Օլիպիական մարզադաշտում, կկայանա, սակայն օրը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Իսկ մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով նախագահի թեկնածուներից Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների գերակշիռ մասը՝ 30,24%-ը, Պյոտր Պորոշենկոն՝ 15,95%-ը, եռյակը եզրափակում է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն՝ ձայների13.13 տոկոսով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть