«Ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին»․ այսօր իր ֆեյսբուքյան էջում այս վերնագրով գրառում է կատարել Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով՝ խոսում է որպես այդ թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:
«ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը:
Վարչապետի հանձնարարականը իհարկե տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր:
Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:
Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը:
Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են:
Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը:
Ստուգե՛ք մուտքային հաշվիչները... շատ բան կպարզվի»,-գրել է ավագանու անդամը:
Հիշեցնենք՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ընդունված որոշումներից մեկով նախատեսվում էր ապրիլի 1-ից գազալցակայաններում սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել է 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: Չափման միավորը վերանայվել է՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Որոշումը թեև դեռ օրենքի ուժ չի ստացել, այդուհանդերձ, վարորդներն արդեն բարձրաձայնում են փոփոխությունների և դրանց հետևանքով բացասական ազդեցության՝ այն է «շատ վճարելու ու քիչ քշելու» մասին։