Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը խնդրել է նրան միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:
«Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք»,-ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանը, որը 2018թ. հուլիսին անհայտ պայմաններում հայտնվել էր Ադրբեջանում, ներկայացվել է որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ՝ Բաքվի դատարանի փետրվարյան վճռով դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։
Դատավճռից հետո ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը հանդես եկավ միջազգային կառույցներին ուղղված հայտարարությամբ՝ Կարեն Ղազարյանի հարցով ակնկալելով միջազգային հանրության պաշտպանությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է կատարվածին՝ դատապարտելով ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար պարտավորությունների ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը