Խաչիկ Դաշտեցի փողոցում գտնվող ավտոշուկայի մոտ կանաչ գոտում և մայթերին կայանողները կտուգանվեն․ վարորդների զգուշացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հորդորելով վարչական պատասխանատվությունից խուսափելու համար կայանումը կազմակերպել ճիշտ:
Նշվում է, որ տարածքն արդեն Էրեբունի վարչական շրջանի ուժերով մաքրվել է, և կանաչապատ հատվածը ամբողջությամբ բարեկարգվելու է:
Միաժամանակ հաղորդվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ շաբաթ և կիրակի օրերին ստուգայցեր են կատարել ավտոշուկայի հարակից տարածք։
«Մայթերին և սիզամարգերին կայանած մեքենաների վարորդները զգուշացվել են օրենքով արգելվում է նման կայանումը, որից հետո մեքենաները դուրս են բերվել»,-հայտնում են քաղաքապետարանից: