«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները: Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլև՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարեւոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»,-Արցախում 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ հանդիպմանն այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է եղել թե ապրիլյան գործողություններին, թե դրան հաջորդած իրադարձություններին ու կատարված աշխատանքներին: Հայրենիքն իրենց կյանքի ու առողջության զոհաբերումով, խիզախությամբ ու քաջությամբ պաշտպանած տղաների սխրանքն Արմեն Սարգսյանը հայրենասիրության վառ օրինակ է համարել այսօրվա ու վաղվա սերունդների համար:
«Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը՝ խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին և ազատամարտիկներին և շնորհակալություն հայտնելով նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար:
Նշենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախ է մեկնել երեկ։ Նա այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: