Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյաղլին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքով վերաձևակերպելու մասին հայտարարությանը:
«ՀՀ պաշտպանության նախարարի անպատասխանատու հայտարարությունն այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը դրական է գնահատել Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանական օղակներում քաոս է տիրում»,-այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վագիֆ Դարգյաղլին։
«Տոնոյանի հայտարարությամբ պաշտոնական Երևանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դա անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի և նորմերի նկատմամբ»,-ասել է նա։
Նշենք՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մարտի 29-ի հանդիպումից հետո համանախագահների և կողմերի՝ հանդիպումը դրական և կառուցողական որակելու վերաբերյալ հայտարարություններին զուգահեռ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց․ «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»: