«Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից: Նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-այդ մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով հրազենային վիրավորմամբ մի շան մասին տեսանյութ։
Նշենք՝ կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացումը բացառելու նպատակով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում։
«Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվելէ մամուլով:
Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահված կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործմանն առնչվող գրեթե բոլոր հարցերը, թվում է թե կան կարգավարումներ, որոնք թույլ կտան ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ, սակայն իրական կյանքում դրանք միշտ չէ, որ գործում են: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկումեմ լրացումներ իրականացնել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենդանիների քանակի կարգավորման և կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում, օրենքով ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը»,-նշվում է շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորման մեջ։