Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»:
«Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել նախագահական նստավայրում:
Ըստ իրականացված դիտարկումների, աշխատանքային օրերին և ժամերին, չնայած բաց դարպասներին և ազատ ելումուտի հնարավորությանը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածք այցելուների թիվը չափազանց փոքր է, շատ դեպքերում՝ նույնիսկ այցելու չկա:
Հաշվի առնելով այս ամենը, նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքը հանրության կողմից ավելի նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունը լիարժեք կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ ս/թ ապրիլի 1-ից կփոփոխվեն Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-20:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի հարակից տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր:
Կփոփոխվի նաև նախագահական նստավայրի վարչական շենքի մուտքի մոտ ծառայություն իրականացնող պատվո պահակախմբի հերթափոխությունը:
«Շաբաթ եւ կիրակի օրերին պատվո պահակախմբի հերթափոխությունը կուղեկցվի հանդիսավոր արարողությամբ, որին կարող են հետևել բոլոր ցանկացողները: Ծառայություն իրականացնող զինվորները, փոխարինելով միմյանց, կներկայացնեն ցուցադրական վարժություններ:
Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխությունը շաբաթ օրերին տեղի կունենա ժամը 18:00-ին, 19:00-ին եւ 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին եւ 14:00-ին»,- ասվում է հայտարարության մեջ: