Հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է. թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների - RadioVan.fm

Онлайн

Հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է. թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

2019-03-29 18:33 , Культура, Шоу бизнес, 1423

Հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է. թատերական մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի խումբ գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված մարդկանց՝ ընդգծելով, որ վերջիններիս աշխատանքը կենսական կարևորություն ունի հանրության համար:

«Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը», - նշել է Հայկ Մարությանն ու նկատել, որ հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Թատրոնի համաշխարհային օրվա և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը:

Ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Лента

Рекомендуем посмотреть