Онлайн

«Անհայտ» Անատոլի Գրիգորյան. նկարչի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նրա բազմաոճ գործերը

2019-03-28 20:58 , Культура, Шоу бизнес, 273

«Անհայտ» Անատոլի Գրիգորյան. նկարչի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նրա բազմաոճ գործերը

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:

«Անատոլի Գրիգորյանն իմ ավագ ընկերն էր: Նա ինձ գունանկար էր դասավանդում: Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է, որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի: Նա ասում էր, որ ցանկության դեպքում միշտ կարող ենք իրենից խորհուրդ հարցնել, լինել իր արվեստանոցում: Մենք էլ հաճախ էինք նկարահանումների մասնակցում նրա մոտ: Մի անգամ, երբ լրագրողներ, օպերատորներ էին եկել այնտեղ, սուրճ խնդրեցին նրանից, Գրիգորյանն էլ ասաց, որ սիրով կհյուրասիրի: Խմելիս բոլորը փռթկացին: Պարզվեց` նա շաքարավազի փոխարեն աղ էր լցրել սուրճի մեջ: Գրիգորյանը արդարացավ` նշելով, որ նկարիչների արվեստանոցներում, որպես կանոն, շաքար չի լինում, բոլորը դառը սուրճ են նախընտրում, որովհետև նկարիչները շատ քաղցր են»,- պատմեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով`ցուցահանդեսում ամփոփված է նկարչի ամբողջ ստեղծագործական ուղին, մեկտեղված են նրա վաղ շրջանից մինչև անավարտ գործերը: «Ներկայացնում ենք ոչ միայն ճանաչելի Անատոլի Գրիգորյանին, նրա թատերական ներկայացումներ հիշեցնող ստեղծագործությունները, կարմիր ու հեղեղուն կոլորիտով կոմպոզիցիոն բազմակերպար պատկերները, այլև այցելուներից շատերին անծանոթ դիմանկարները, բնանկարները, այլաբանական շեշտադրումով մերկ կանանց կերպարները: Ինձ համար հայտնություն էին թանձր ներկաշերտով արված էտյուդները»,- ներկայացրեց համադրողը և հավելեց, որ նպատակ են ունեցել ներկայացնել անհայտ նկարչին:

20-րդ դարի 60-ականներին ասպարեզ եկած նկարիչ Անատոլի Գրիգորյանը ընտրել է հաստոցային գեղանկարչությունը որպես իր ստեղծագործության հիմնական տեսակ, փորձել է ուժերը որպես դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ, գրքի նկարազարդող: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետևս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանած Անատոլի Գրիգորյանը ստեղծագործական ուղին սկսել է որպես բեմադրող նկարիչ: Աշխատել է հեռուստատեսությունում, այնուհետև` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ղեկավարել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության ամբիոնը: 2005-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով, իսկ 2013 թվականին` Գրիգորյանին շնորհվել է ժողովրդական նկարչի կոչում:

Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ արտերկրում: Նկարչի ստեղծագործություններն այսօր պահվում են Հայաստանի և արտերկրիթանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

Лента

Рекомендуем посмотреть