Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում պաշտոնապես բացվել է Եվրոպայի հրապարակը։
Հրապարակի անվանմամբ ցուցատախտակը բացել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր:
Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը Երևանի ավագանին հավանության արժանացրեց մարտի 19-ի նիստում։
Մայրաքաղաք Երևանում մինչ այս հրապարակներ են անվանակոչվել ի պատիվ Ֆրանսիայի, Ուրուգվայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ռուսաստանի։