Онлайн

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին. հայտնի են լավագույնները

2019-03-28 16:19 , Культура, Шоу бизнес, 312

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին. հայտնի են լավագույնները

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի համարվեց Տաթև Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:

Մրցանակաբաշխությունը նվիրվեց թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին և անցկացվեց թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Շամիրխանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որի հիմնադիրն է նա, և որը ես պատիվ եմ ունեցել քսան տարի ղեկավարել, հայ թատրոնին տարիներ շարունակ անվանի դերասաններ է նվիրել` թատրոնում առաջին քայլեր անելու հնարավորություն ընձեռելով: Պատահական չէ, որ այդ հրաշալի թատրոններից մեկը` Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ստեղծվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական բազայի հիման վրա», - նշեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Անդրադառնալով մրցանակաբաշխությանը` նա շեշտեց, որ կասկած չունի` ներկաներին դուր կգան մրցանակաբաշխության արդյունքները:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, որը մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր, ասաց, որ ներկայացվել են լավ աշխատանքներ, եղել են նաև ոչ այդքան ավարտուն, լիարժեք գործեր: «Մասնակցել են ուսանողներ, մասնավոր թատրոններ: Ինձ ցնցել է «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որը ֆանտաստիկ է», - շեշտեց Դադասյանն ու խոստովանեց, որ նախորդ տարի ներկայացված գործերն ավելի հետաքրքիր էին:

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը հանձնվեց Սենիկ Բարսեղյանին «Սև արկղ» և Վիգեն Թադևոսյանին «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ, լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդը» տրվեց՝

Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» բեմադրության համար, լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» և Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում փայլուն դերակատարումների համար, լավագույն մանկական ներկայացում համարվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:

Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացումը:

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Համլետ Ղալեչյանը, Տիգրան Վիրաբյանը և Վարդան Մկրտչյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ տրվեցին Ռազմիկ Խոսրոևին, Սերգեյ Մանղալյանին, Յուրիկ Ոսկանյանին, Ռուբեն Հարությունյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին:

ՀԹԳՄ ոսկե մեդալներ տրվեցին Արսեն Ղազարյանին, Անահիտ Բաբելյանին, Կարինե Ջանջուղազյանին, Սոնա Մելոյանին և Կարապետ Շահբազյանին:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար:

«Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների և թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

Лента

Рекомендуем посмотреть