Онлайн

Այն օրենսդրական դաշտը, որում հիմա հայտնվել է թատրոնը, պարզապես կապում է մեր ձեռքերը. Ռուբեն Բաբայան

2019-03-28 16:17 , Культура, Шоу бизнес, 141

Այն օրենսդրական դաշտը, որում հիմա հայտնվել է թատրոնը, պարզապես կապում է մեր ձեռքերը. Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համար այս տարին հարուստ է իրադարձություններով: Փառատոններ են սպասվում Լեհաստանում և Ռուսաստանում, իսկ օրեր առաջ Ուկրաինայի Մոգիլյով քաղաքում տեղի ունեցած«Մարտ-կոնտակտ» միջազգային 14-րդ փառատոնում թատրոնն արժանացել է մեծ ընդունելության: Այս մասին նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում:

«Երկու շաբաթից մեկնելու ենք Լեհաստան, որտեղ կներկայացնենք Սամսոն Մովսիսյանի բեմադրությունը՝ Գոգոլի «Վհուկ»-ը, հունիսին Մոսկվայում ունենք Չեխովյան փառատոնի մասնակցություն, այնտեղ էլ ներկայացնելու ենք Տաթև Մելքոնյանի «Я здесь» ներկայացումը, իսկ այդ փառատոնն աշխարհի երեք լավագույններից մեկն է»,- անդրադառնալով երիտասարդ բեմադրողներին ազատ ստեղծագործելու հնարավորություն տալուն՝ ասաց Ռուբեն Բաբայանը:

Խոսելով Մոգիլյովում օրերս կայացած «Մարտ-կոնտակտ» միջազգային փառատոնի մասին՝ Բաբայանը նշեց, որ փառատոնին ներկայացել են Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ: «Ներկայացման հիմքում ընկած է Արցախի ազատամարտը, որը լինելով այդքան ազգային՝ իր բնույթով հասկանալի է բոլոր ժողովուրդների համար, քանի որ իր մեջ կրում է համամարդկային արժեքներ: Այն մոտ 20 օր առաջ ցուցադրվեց նաև Սանկտ Պետերբուրգում ՝ «Մոնոկլ» միջազգային փառատոնում և արժանացավ առաջին մրցանակի»,- նշեց Ռուբեն Բաբայանը՝ ավելացնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում, ինչ բեմադրվել է այդ ներկայացումը, մասնակցել է մոտ 9 միջազգային փառատոնի:

2017 թվականին ներկայացումն առաջարկվել էր պետական մրցանակի և ստացել այն: Հիշելով Հովհաննես Թումանյանի՝ «Երևանից- Երևան ամենակարճ ճանապարհն անցնում է Մոսկվայով» խոսքերը՝ Բաբայանը նկատեց. «Մենք սովոր չենք ինքներս գնահատել այն մեծ արժեքները, որ մենք ունենք, մինչև դրանք չեն արժևորվում ուրիշ տեղերում: Սա շատ ցավալի է»:

«Բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մենք չենք զգում ժամանակը, մենք ուշանում ենք կյանքից»,- անդրադառնալով թատրոնում առկա խնդիրներին՝ մասնավորապես թատրոնի բյուջեի գանձապետարան տեղափոխվելուն՝ ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ մոտ 30 տարի թատերական աշխարհում տեղի չեն ունենում բարեփոխումներ. «Այն օրենսդրական դաշտը, որում հիմա հայտնվել է թատրոնը, պարզապես կապում է մեր ձեռքերը: Սա գալիս է նրանից, որ մեր երկրում մշակույթի նախարարությունը վաղուց դարձել է ֆինանսների նախարարության ստորաբաժանումը: Թատրոնն ինքնուրույն իրավունք չունի նույնիսկ ֆեյսբուքյան գովազդ դնել, շատ ծիծաղելի պատճառաբանմամբ, որովհետև «Ֆեյսբուք»-ը համապատասխան փաստաթուղթ չի տալիս, որ ձեր գովազդը տեղադրել է իր էջում, թատրոնը չի կարող ինքնուրույն որևէ տեխնիկա ձեռք բերել, պետք է ընտրի միջնորդ, որը դա կանի և 20-25% ավելի վճարի դրա համար: Ո՞րն է սրա տնտեսվարությունը: Ես արդեն ունեցել եմ մի քանի հանդիպում և կարծում եմ շատ շուտով տեղի կունենան լայն հանրային քննարկումներ Ազգային ժողովում այդ հարցի շուրջ»,- ասաց Բաբայանը:

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Հայաստանում թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում:

Лента

Рекомендуем посмотреть