ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով: Այդ մասին այսօր տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների կողմից դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ չեն դասավանդվել ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները, սակայն ուսուցիչները, որոնց հատկացված են եղել այդ դասաժամերը, ստացել են աշխատավարձ:
Միևնույն ժամանակ տնօրենը հայտնել է, որ ինքը նախկինում այդ մասին որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ուսումնական գծով տեղակալը, ում վրա դրված է ուսումնական գործընթացի վերահսկումն ու համապատասխան մատյանների վարումը, դրանցում կատարած գրառումներով հաստատել է վերոհիշյալ առարկաները դասավանդվելու փաստը:
Բացատրագիր է ներկայացրել նաև դպրոցի աշխատակիցը, համաձայն որի՝ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին 2016-2017 ուսումնական տարում գտնվել է արտերկրում և աշակերտներին տվյալ առարկան չի դասավանդվել, իսկ աշխատավարձի գումարները դուրս են գրվել դպրոցի ֆոնդից:
Փաստի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հաղորդում է ստացվել նաև Գյումրի քաղաքի բնակչուհուց այն մասին, որ «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում» որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվելու նպատակով, նույն դպրոցի տնօրենի պահանջով և նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում», տնօրենին փոխանցելու նպատակով, վերջինիս գործավարուհուն տվել է խոշոր չափ հանդիսացող՝ 960.920 ՀՀ դրամ»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Փաստի առթիվ 2019 թվականի մարտի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
2019 թվականի մարտի 22-ին որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: