Հաագայի բողոքական եկեղեցին, որը շուրջ երեք ամիս ի պաշտպանություն արտաքսման վտանգի առաջ կանգնած հայ փախստական ընտանիքի շուրջօրյա պատարագ էր անցկացրել, հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը կառավարությունից ստացել է բնակության իրավունք:
«Մենք գնահատում ենք, որ մեր աղոթքին միացան նաև Նիդերլանդների այլ կազմակերպություններ՝ հասնելով նման արդյունքի»,- «Հաֆինգտոն փոստ»-ին ասել է եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման՝ նշելով, որ շնորհակալ են Աստծուն ու անչափ ուրախ են Թամրազյանների համար։
Հիշեցնենք՝ Հաագայի բողոքական եկեղեցին ի պաշտպանություն այնտեղ ապաստանած հայ ընտանիքի՝ 2018թ.-ի հոկտեմբերի 26-ից 24-ժամյա պատարագ էր սկսել և 2019-ի հունվարի 31-ին իշխանությունների որոշման արդյունքում՝ դադարեցրել այն։ Նիդեռլանդների իշխող կոալիցիան հայտարարել էր, որ կվերանայի հարյուրավոր երեխաների ապաստանի դիմումները, այդ թվում՝ նաև հայ ընտանիքի։
Հաագայի բողոքական եկեղեցու պատարագը երբևէ գրանցված ամենաերկար կրոնական արարողությունն է եղել, որիշարունակականության ապահովմանը մասնակից է դարձել մոտ 1000 քահանա ու հոգևոր հովիվ ոչ միայն Նիդեռլանդներից, այլ նաև՝ Ֆրանսիայից, Գերմանիայից։