Онлайн

Հայաստանից երկու նախագիծ ճանաչվել է Հորիզոն-2020 Թվինինգ ծրագրի հաղթող

2019-03-26 20:14 , Наука, HiTech, 84

Հայաստանից երկու նախագիծ ճանաչվել է Հորիզոն-2020 Թվինինգ ծրագրի հաղթող

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2016թ. մայիսի 19-ին ստորագրվել է Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաձայնագիրը Հայաստանին թույլ տվեց առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով: Եվ եթե մինչ այդ Հայաստանը մասնակցել էր Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում, այսինքն՝ Հայաստանի սուբյեկտները չէին օգտվում ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, ապա այժմ, հանդիսանալով լիիրավ անդամ, ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները հնարավորություն ստացան ամենատարբեր ոոլորտներում օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր ծրագրերից՝ հիմնարար գիտության բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին և ավելի քան հուսադրող էին. Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է Հորիզոն-2020 Թվինինգ ծրագրի հաղթող:

Ընդհանրապես, Հորիզոն 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:

Ծրագրերից մեկը ներկայացված էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ՝ «COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում»: Թեման նեյրոգիտության բնագավառից է: COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակությունն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի և Լունդի համալսարանների հետ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռնի հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ:

Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը՝ հիմնված ՖՀԻ-ում սինթեզվող նախանշված հատկություններով մագնիսական նանոհիբրիդային նյութերի միջոցով փոփոխական մագնիսական դաշտում գերտաքացման (հիպերթերմիա) եղանակով քաղցկեղային բջիջների ընտրողական քայքայման վրա: Նախագծում որպես գործընկեր կազմակերպություններ են ներգրավված Դույսբուրգ-Էսսենի համալսարանը (Գերմանիա), Սալոնիկիի Արիստոտել համալսարանը (Հունաստան) և Ինտելիջենցիա ընկերությունը (Լյուքսեմբուրգ): Նախատեսվում է, որ նախագծի ընթացքում, բացի մագնիսական նանոհիբրիդների կառուցվածքային ու մագնիսական բնութագրման և դրանց բժշկական կիրառությանն ուղղված աշխատանքներից, նաև կզարգանա ու կամրապնդվի ՖՀԻ-ի գիտական և տեխնոլոգիական ներուժը, կմշակվի գիտական և ինովացիոն գործունեության ռազմավարություն՝ ուղղված նշված ոլորտում ՖՀԻ-ի գերազանցության ապահովմանը, երիտասարդ գիտնականների կարիերային առաջընթացին, միջազգային գիտական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Գիտության կոմիտեն շնորհավորում է հաղթած ծրագրերը ներկայացնող գիտական խմբերին ու կազմակերպություններին, մաղթում նորանոր ձեռքբերումներ և պատրաստակամություն հայտնում, այսուհետ ևս, մշտապես աջակցել գիտական կազմակերպություններին Հորիզոն-2020 համագործակցային ծրագրերին մասնակցելու համար:

Лента

Рекомендуем посмотреть