Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի․ տուգանքը 50-200 հազար դրամ է - RadioVan.fm

Онлайн

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի․ տուգանքը 50-200 հազար դրամ է

2019-03-26 17:45 , Образование, 2473

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի․ տուգանքը 50-200 հազար դրամ է

Պատգամավորներն այսօրվա նիստում քննարկել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել կուրսային և դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը:

«Տարիներ շարունակ տեսնում ենք, թե ինչպես են տարբեր անհատ անձանց և կազմակերպությունների կողմից վաճառվում դիպլոմային և կուրսային աշխատանքներ, որով ազդում են կրթության որակի վրա։ Այս խնդիրը բազմաշերտ է, քանի որ այն չպետք է ստանար օրենսդրական լուծում, եթե հայաստանյան բուհերն ապահովեին նորմալ գործիքակազմ։ Բուհերի հետ իմ բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ շատերը դեռևս այդ գիտակցումը չունեն, և բուհերի ղեկավարները չունեն այդ գիտակցումը, որ պետք է դնեն հակապլագիատ գործիքներ, նրանց նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, թե դա ինչպես պետք է անեն։ Այստեղ նոր հեծանիվ հնարելու խնդիր չկա, որովհետև մի շարք բուհերարդեն օգտագործում են այդ գործիքները։ Պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և այնտեղ տեղադրել հակապլագիատ գործիքներ, բայց ունենալով այս բացը՝ մենք, ցավոք, այսօր պետք է առաջարկենք նման օրինագիծ»,-խոսելով նախագծի ընդունման անհրաժեշտության մասին՝ օրենսդիրներին ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Պատգամավորը նշել է, ուսումնասիրություն են անցկացրել ու պարզել, որ նույնիսկ գումարով արտագրությունների ծառայություն կա. «Սա նշանակում է, որ Հայաստանում կան դասախոսներ, որոնք լսարանում շարունակում են թելադրություններ կարդալ, որն ուսանողները վերցնում են միմյանցից և գումարով տալիս արտագրելու, ինչը խայտառակություն է։ Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունները հանվեն համալսարանների հարակից տարածքներից և ընդհանրապես արգելվեն։ Շատ անբարեխիղճ մարդիկ՝ լինեն դասախոսներ և այլք, համագործակցում են այդ կազմակերպությունների հետ և ամբիոններից արդեն պատրաստի աշխատանքներ են տրամադրում կազմակերպություններին, որոնք էլ ծիծաղելի ցածր գնով դրանք վաճառում են ուսանողներին»։

Հովհաննիսյանի կարծիքով՝ հետագայում պետք է արգելվի ռեֆերատների և կուրսայինների պրակտիկան։ Նրա համոզմամբ՝ «շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին և նրա վերլուծական կարողությունները ստուգել, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում»։

Հավելենք, որ որպես ավարտական, կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների համար վճարովի ծառայությունների մատուցման արգելքի վերահսկելիության ու կատարման երաշխիք՝ նախատեսվում է նաև համապատասխան լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նման գովազների տարածման դիմաց սահմանելով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով վարչական տուգանք:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть