Նախագահ Սարգսյանն իրագործել է Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու դպրոցականի երազանքը - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանն իրագործել է Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու դպրոցականի երազանքը

2019-03-25 14:01 , Общество, 1186

Նախագահ Սարգսյանն իրագործել է Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու դպրոցականի երազանքը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ շաբաթ Գյումրի այցի շրջանակում քաղաքի կենտրոնում շրջելիս ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման հրապարակից ջերմ զրույցն այնուհետև տեղափոխվել էր մոտակա սրճարան:

Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:

Եւ ահա նախագահի նստավայրում այսօր կայացել է այդ հանդիպումը․ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին և գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանին:

«Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝ Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը:

«Տեսնո՞ւմ ես՝ ինչ պարզ են մարդկանց երազանքները, կարող են մեկ օրում կատարվել»,- Մանվելին ասել է նախագահ Սարգսյանը:

Հենրիխ Մխիթարյանն իր մակագրությամբ ֆուտբոլի գնդակ է նվիրել գյումրեցի երկրպագուին: Իսկ Հանրապետության նախագահի և անվանի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարն ամբողջացրել է գյումրեցի Մանվելի՝ տպավորություններով հարուստ օրը:

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից միաժամանակ նշում են, որ Հանրապետության նախագահն ու Հայաստանի հավաքականի ավագն այնուհետ խոսել են ֆուտբոլի զարգացման ընդհանուր միտումներից, հավաքականի խաղից ու նրա առջև դրված խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու Լոնդոնի «Արսենալ»-ից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքը ֆուտբոլի երկրպագու է դեռ մանկության տարիներից: Նա պատմել է ֆուտբոլի ու Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ կապված իր հիշողություններից: «Երկար տարիների իմ ֆուտբոլային սերը մեծ առկայծումներ, ուրախության օրեր է ունեցել: Այդ օրերը 1973-1975 թվականներն էին,-ասել է նախագահը: - Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, բայց դրա պատճառը դու ես»: Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլին և ազգային հավաքականին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ անելու է թե՛ հավաքականի կազմում, թե՛ անգլիական Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար:

Հենրիխ Մխիթարյանը նախագահ Սարգսյանին իր մակագրությամբ մարզաշապիկ է նվիրել:

Лента

Рекомендуем посмотреть