Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստում որոշվել է հիմնադրամի միջոցներից փոխհատուցում տրամադրել նաև 2008-2014 թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:
Հիմնադրամը մինչ օրս փոխհատուցումներ է կատարել 2015-2018թթ․ շուրջ 226 դեպքերի համար։
Այսօր կայացած նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, որն առավել հայտնի է «1000 դրամներ» անունով, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։
Հիմնադրամին առ այսօր ամենախոշոր նվիրաբերությունը կատարել է ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը, նվիրաբերված գումարի չափը 15 000 ԱՄՆ դոլար է եղել։
2018 թվականի հուլիսի 19-ից Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը