Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում հաստատել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը, որը նպատակ ունի ներգրավել ներդրումներ և բարձրացնել ավտոկայանատեղիի գործունեության արդյունավետությունը։Այդ նպատակով մրցույթ կհայտարարվի։
«Հաճախ եմ մեքենաս կայանում այդտեղ, տեսնում եմ՝ ինչ վատ պայմաններ են, ու կարծում եմ, որ մի կլորիկ գումար է պետք»,-նկատել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդուհանդերձ, նշելով, որ ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մտահոգություններ կան։
«Մի կողմից մենք նայում ենք՝ իրոք պայմաններն այնպիսին են, որ մտածում ենք՝ արդյոք կլինի՞ մարդ, որ կհամաձայնի այս պայմանները վերցնել, բավական մեծ գումարների մասին է խոսքը, կա՞ արդյոք տնտեսվարող սուբյեկտ, որ «կմտնի» այս պայմանների տակ, մյուս կողմից մտածում ենք՝ կարո՞ղ է փոքր գումարով ենք վաճառում այս պայմանագիրը: Քանի երկու տեսակետն էլ կա, ուրեմն ամեն ինչ պետք է ցույց տա մրցույթը»,-ասել է Հայկ Մարությանը։
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ծրագրի համաձայն կներդրվեն ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր, ինչպես նաև կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ:
Քաղաքապետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ մրցույթը շահած հավատարմագրային կառավարիչը գործունեության տեսակը չի կարող փոխել։
Ազատության հրապարակի ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին շահագործվել է 2010 թվականին, նախատեսված է 500 մեքենայի համար։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը