Վանեցյանը բացառում է գաղտնալսման սարքավորումների ներկրման հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Վանեցյանը բացառում է գաղտնալսման սարքավորումների ներկրման հնարավորությունը

2019-03-22 13:20 , Право, 2445

Վանեցյանը բացառում է գաղտնալսման սարքավորումների ներկրման հնարավորությունը

Հայաստանի Հանրապետություն այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ ներկրել, դրանց ներկրումը օրենքով է արգելված։ Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ նման սարքերի ներկրման լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն։

«Թե՛ մաքսային հսկողությունը, թե՛ մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,-վստահեցրել է ԱԱԾ տնօրենը։

Իսկ թե նախկինում նման սարքավորումներ ներկրվել են Հայաստան, թե ոչ՝ Վանեցյանը հստակ պատասխան չի տվել․ «Հավաստիացնում եմ, որ իրականացնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»։

Ինչ վերաբերում է իր և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսման գործին՝ Վանեցյանն ասել է, որ քննությունը շարունակվում է։

«Փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին համացանցում հայտնվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, որում պաշտոնյաները քննարկում են «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ մանրամասներ՝ շոշափելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի և այդ շրջանակում այլ հարցեր։

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցված։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть