«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են սիրիահայ Գևորգյանների երկամյա զավակի կյանքը, որը հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի ծանր վնասվածքով. երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվել էր ընդամենը 1 տոկոս: Այս մասին «տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր»: բժշկական կենտրոն:
«Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել», - նշում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:
Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող անցավ, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս:
«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց», - նշում է Մարգար Մարտիրոսյանը:
«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր», - նշում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին:
«Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությանմբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք», - նշում է Նարեկի հայրը՝ Ներսես Քեվոն:
«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ: Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց ոչ, արդյունքը տեսնում ենք», - նշում է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը:
Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց:
Այսօր Նարեկն արդեն ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել:
«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է: Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»,- ասում է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:
Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ:
Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում:
«Բժշկական կենտրոնն ամեն տարի սպասարկում է ավելի քան 10 հազար երեխայի: Քառակի, հնգակի ավելի է ամբուլատոր ծառայություններից օգտվողների թիվը», - նկատում է Նիկոլայ Դալլաքյանը: