Հայաստանում սկսվում է աստղագիտական գարունը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում սկսվում է աստղագիտական գարունը

2019-03-21 20:10 , Наука, HiTech, 1705

Հայաստանում սկսվում է աստղագիտական գարունը

Մարտի 21-ին՝ Երևանի ժամանակով 1:58-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:

Բյուրականի աստղագիտարանից հայտնում են, որ այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը հսկայական սկավառակ է, նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այս օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն՝ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:

Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:

Մինչև վերջերս գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 26000 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ: Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը:

«Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն կնշվի ապրիլի 21-ին:

Նախկինում մարտի 21-ը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբը։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի», - հայտնում են աստղադիտարանից։

Лента

Рекомендуем посмотреть