«Պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները»,-այս մասին այսօր՝ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առիթով «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ այցելության ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ դաունի համախտանիշ ունեցող երեխաներին պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատել նրանց ներուժը և բացառել որևէ տեսակի մեկուսացում:
Մարդու իրավունքների պաշտպանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու տարածքում ծանոթացել է երեխաների հետ, զրուցել նրանց նախասիրությունների, առօրյայի մասին, նրանց նվիրել իրենց իրավունքներին վերաբերող գրքույկ և գրենական պիտույքներ՝ միաժամանակ հետաքրքրվելով նրանց խնդիրների մասին։
Ծնողներն ու «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը բարձրացրել են մեր երկրում Դաունի համախտանիշով մարդկանց խնդիրները սկսած կարծրատիպերից, անվճար բուժօգնություն ստանալու հարցում առկա վարչարարությունից մինչև նրանց կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատող մասնագետների պակասից:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:
Մարտի 21-ը 2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Դաունի համախտանիշի օր: 21 թիվը պատահական չի ընտրվել. լրացուցիչ 21-րդ քրոմոսոմն է պատճառը, որ առաջացնում է այս համախտանիշը: Դաունի համախտանիշն առաջին անգամ նկարագրել է գիտնական Ջոն Լենգդոն Դաունը՝ 1866 թվականին։ Վիճակագրության համաձայն, 700-800 նորածնից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Հայաստանում նման համախտանիշ ունեցող անձանց վերաբերյալ միասնական վիճակագրություն չկա։ Համախտանիշը կախված չէ ծնողների կենսակերպից, նրա առողջությունից, սննդից, բարեկեցությունից, ազգությունից։