Հայաստանյան օրացույցում ապրիլի վերջին շաբաթ օրը կամրագրվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել արդարադատության նախարարության հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,-ասվում է կառավարության որոշման նախագծում՝ ի հավելումն նշելով, որ «անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նշված օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր:
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։
Հիշեցնենք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության նախորդ տարվա գարնանը հանրապետությունում ծավալված բողոքի ալիքի պայմաններում, որը աննախադեպ լայնածավալ թափ ստացավ ապրիլի 23-ին՝ ընդգրկելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների, աշխատավորների և զինծառայողների, Հայաստանի վարչապետի պաշտոնում ընդամենը մեկ շաբաթ աշխատած, Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Լուրից վայրկյաններ անց ծածանվող դրոշների, երգի ու պարի, «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած բաց ձեռքերի ծափերի ներքո քաղաքացիները հավաքվեցին Երևանի Հանրապետության հրապարակում՝ նշանավորելու օրը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը