Átlátszó.hu հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպության, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնի (OCCRP) և համաշխարհային այլ լրատվամիջոցների հետաքննությունները բացահայտել են, թե ինչպես են Ադրբեջանի իշխող էլիտայի հետ կապված գումարներն օգտագործվում աշխարհում ազդեցություն գնելու և Ադրբեջանի նախագահի միջազգային հեղինակությունը բարելավելու համար:
Բացահայտումները լույս են սփռում տարիներ շարունակ շրջանառվող այն լուրերի վրա, ըստ որոնց Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև գործարքի շնորհիվ:
Այսպես՝ «Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննությունը պարզել է, որ 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Սաֆարովին, ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին: Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հաշվեհամարը պատկանել է Velasco International ընկերությանը, իսկ փոխանցումն էլ կատարվել է Metastar Invest LLP ընկերության կողմից, որը գաղտանզերծված փաստաթղթերում ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն սխեմայում ներգրավված չորս ընկերություններից մեկն է: Velasco International ընկերությունն էլ լինելով օֆշորային ընկերություն, պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին:
Որպես Հունգարիայի վարչապետ Օրբանի և Ադրբեջանի փոխվարչապետի միջև սերտ կապերի վկայություն՝ բերվում է նաև այն հանգամանքը, որ Սաֆարովի արտահանձնումից շատ չանցած 2012 թվականի հունիսին Բաքու կատարած այցի ընթացքում Օրբանին դիմավորել է հենց Յաքուբ Էյուբովը:
Հիշեցնենք՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանը, ով 2004 թ. հունվարի 11-ից Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլերենի եռամսյա դասընթացներին, նույն թվականի փետրվարի 19-ին սպանվեց այդ դասընթացների մեկ այլ մասնակցի՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված էր հասցրել հայազգի սպայի դեմքին:
2006 թվականի ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:
2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ՝ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ էլ օրեր անց նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհվեց:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը